Hírek
Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցը անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անվամբ:

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985) Սարգիս Բաղդասարյանը ոչ միայն արվեստագետ էր, նկարիչ ու քանդակագործ, այլեւ բարձր գիտակցականություն ունեցող հայրենանվեր քաղաքացի, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արեւելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») մասնակից։ Նախքան մասնագիտական՝ գեղարվեստի կրթություն ստանալը, որի հիմքերն արդեն իսկ դրվել էր Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ-դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում, մասնակցել է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը, 19-ամյա Սարգիսը 1942 թ. մեկնում է Բաքու՝ թիվ 1 հրետանային ուսումնարան, հմտանում ռազմական գործի մեջ, ստանում լեյտենանտի կոչում, ուղարկվում Հյուսիսկովկասյան ռազմաճակատ, վիրավորվում մարտերից մեկի ժամանակ, բուժվում ու անմիջապես մեկնում Ուկրաինական 4-րդ ռազմաճակատ, որտեղ էլ կոնտուզիա է ստանում, ինչը չի կասեցնում նրան բուժվելուց հետո միանալ հայ թամանցիներին ու նրանց հետ, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, խիզախորեն կռվել Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի ազատագրման համար։
Բաղդասարյանը վերադառնում է պատերազմը հաղթած, պարգեւատրվում «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի եւ Պատվո նշան շքանշաններով, բազմաթիվ մարտական մեդալներով, գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։ Զորացրվում է 1946 թ., ժամանակն էր սիրած մասնագիտությունն ստանալու. ընդունվում եւ 1952-ին ավարտում է Երեւանի գեղարվեստի ինստիտուտը, 1962-ից դասավանդում ինստիտուտում, 1980-ից դառնում պրոֆեսոր։ Այսպիսին է 1923 թ. սեպտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բանաձորում ծնված հայ նշանավոր քանդակագործի համառոտ կենսագրականը՝ թվերով։
Հունիսի 19-ը Սարգիս Բաղդասարյանի հիշատակի օրն է. նա վախճանվել է 77 տարեկան հասակում՝ 2001 թ….
Սարգիս Բաղդասարյանի քանդակները սոսկ պատկերներ չեն, որ գրավում են դիտողին. դրանք շարժման, գործողության, թռիչքի ու վազքի մեջ են՝ բնավորության խորքային բացահայտումով, կենսագրությամբ, իրադարձային… Քանդակագործի ստեղծագործությունները ոչ միայն ճշգրիտ են, այլեւ խորհրդանշական, ինչպես որ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին տեղադրված «Մենք ենք, մեր սարերը» տուֆակերտ աշխատանքը՝ բուրգի նման ստատիկ, ազգային դիմագծերով նախնյաց՝ տատ ու պապի միաձույլ, անսասան կերպարներ. թերեւս, միակ մոնումենտալ ստատիկ աշխատանքն է՝ հղացված հենց այդպիսին եւ ոչ շարժման մեջ, ինչը հուշում է զույգի ոչ միայն բնիկ ու երկարակյաց լինելու մասին, այլեւ այն, որ սարի պես թիկունք-թիկունքի տված՝ ժողովրդի հարատեւությունը խորհրդանշող ժայռակերպ մարդկանց անհնար է տեղից շարժել, ինչպես անհնար է տեղահան անել լեռն ու ժայռը, եւ պատահական չէ, որ արձանն իր տեղը գտել է նաեւ Արցախի Հանրապետության զինանշանին, ինչը հիշեցնում է Խորհրդային Հայաստանի զինանշանի զույգ Մասիսներին։ «Մենք ենք, մեր սարերը» համալիր կոթողը դարձավ աշխարհահռչակ։ «Պրավդա» թերթը գրեց, որ այն «երկարակյացների պատվին կառուցված աշխարհում առաջին հուշարձանն է», քանզի Արցախը համարվում է նաեւ «մոլորակի երկարակեցության էպիկենտրոն». այստեղ ԽՍՀՄ-ում 100-ամյակը գերազանցող բնակիչներն առավել մեծ թիվ էին կազմում… Ադրբեջանական իշխանությունները, իհարկե, դեմ էին արձանի բացմանը, բայց ԽՍՀՄ-ում հարցերը միակողմանի չէին լուծվում. նրանք ստիպված էին հաշտվել իրողության հետ, ու որպես սրտի հովանք, կոթողի բացմանը ներկա ադրբեջանական ներկայացուցիչներից մեկը փորձեց ծաղրել՝ հարցնելով. «Մի՞թե այս ֆիգուրները ոտքեր չունեն»։ Հարցը Սարգիս Բաղդասարյանի սրտով էր, եւ նա իսկույն տվեց արժանի պատասխան. «Նրանք կան, եւ նրանք խոր արմատներ են գցել իրենց հողում»։
Սարգիս Բաղդասարյանի յուրաքանչյուր աշխատանք նրա ձեռագրի կնիքն է կրում՝ միաժամանակ առանձնանալով իր տեսակի, ասելիքի, ձեւի ու կաղապարի մեջ, կաղապար, որ չունի սահմանային գծեր, օդեղեն է, որպես խելագար աշխարհից փախչող խելագար «Լոռեցի Սաքոն» (բրոնզաձույլ, դեկորատիվ քանդակ, թումանյանական գրական հերոս), հրեղեն նժույգի սանձերն արձակած «Դավիթ Բեկ» (կոփածո պղինձ) պատմական կերպարը, նրբակերտ, որպես «Մեղեդի» դեկորատիվ քանդակը (ալյումին, գրանիտ), կյանքի ճանապարհներին իմաստնացած խոհուն, անբաժան ձեռնափայտը թիկունքին պահած ու առանց նրա օգնության քայլող մեծ պոետի ու մտածողի՝ Իսահակյանի հուշարձանը (բրոնզ) Երեւանում. ասես վարպետը այգում անցուդարձողներից մեկն է, որ ելել է սովորական զբոսանքի… Շարժման մեջ է նաեւ Կապան քաղաքում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանը. մարտիկը լայն քայլերով, անվարան գնում է դեպի հերոսացում… Սարգիս Բաղդասարյանի «Մտածողը» քանդակը (շամոտ) դրված է Իտալիայի Կարարա քաղաքում, որտեղ երբեւէ ցուցադրվել են քանդակագործի աշխատանքներն ու ճանաչում ձեռք բերել, իսկ ավազաքարից պատրաստված՝ Ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը Շոպրոնում է (Հունգարիա)։ Հայ ճանաչված քանդակագործի աշխատանքներից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Զարմանալին այն չէ, որ հայ ժողովուրդն ունի արարչագործության մեծ վարպետներ, զարմանալի՜ն, ո՛չ, ապշեցուցիչ ու զայրացուցիչ է այն, որ ծնվում են նաեւ այնպիսի հայ կոչված բարբարոսներ, որ ձեռք են բարձրացնում ազգային արժեքների վրա, ինչպես որ Թումանյանի այգում տեղադրված «Լոռեցի Սաքոն» կոմպոզիցիոն քանդակը քանիցս փորձեցին գողանալ, իսկ հետո ջարդոտեցին, փշրեցին «Մեղեդի» քանդակի տավղահար աղջկա մատներն ու տավիղը, բարբարոսություն, որ, ցավոք, եզակի ու պատահական երեւույթ չէ, ինչպես Մինաս Ավետիսյանի արվեստանոցի այրելը այն ժամանակ, երբ նկարիչը պատրաստվում էր Փարիզի անհատական ցուցահանդեսին…
Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)
Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)
Hírek
Հայ Կինոյի Օր

Ապրիլի 16-ը նշվում է որպես Հայ Կինոյի օր։ 2019 թ․ ՀՀ ազգային ժողովը ընդունեց ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և հավանության արժանացավ։ 2025 թ․-ի ապրիլի 16-ին Բուդապեշտի Հայկական Մշակութային Կենտրոնում նույնպես նշվեց Հայ կինոյի օրը՝ կազմակերպված հայկական մշակութային ֆոնդի կամավորներ՝ Շողեր Մանուկյանի և Ֆլորա Համբարձումյանի կողմից։ Ցուցադրվեցին հայկական ֆիլմեր և մուլտֆիլմեր՝ Տժվժիկը, Կախարդական Լավաշը, 0199, Ձախորդ Փանոսը, Տերն ու Ծառան, Քաջ Նազարը։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Մուսա Դագ Ներկայացում

Հայոց ցեղասպանության 110 ամյակին նվիրված 2025 թ․-ի մարտի 25-ին կազմակերպվել է «Մուսա Դագ» մյուզիքլը Ազգային թատրոնում։ Ներկայացումը կազմակերպվել էր Դիրամերյան Արթինի կողմից, իսկ կոմպոզիտորն էր Էմբեր Պետերը։ Գլխավոր հերոսի՝ Գաբրիել Բագրատյանի դերը կատարում էր Թոթ Անդրեաշը, իսկ Ժուլիետի դերը կատարում էր Կովաչ Օլգան։ Պատմողի դերում էր Չիզմադիա Գաբրիելլան։ «Հավք» պարի խումբը՝ Սիմա Օհանյանի գլխացորությամբ նույնպես մասնակցեց թատերական ներկայացմանը։
Ներկայացումը ցուցադրեց թե ինչպես Մուսա լեռան հայությունը ինքնապաշտպանության նպատակով ամրացավ Մուսա լեռան վրա` Գաբրիել Բագրատյանի գլխավորությամբ։ Ժուլիեթի և երիտասարդ հույնի կապը ցուցադրվեց, ով թողնելով Ժուլիեթին գնում է Հալեպ։ Նրա դավաճանությունը բացահայտվում է, որից հետո ցուցադրվում է Ստեփանի սպանությունը և Գաբրիել Բագրատյանի կյանքի ողբերգական ավարտը։
Ավարտին հանդիսատեսը երկարատև ծափողջյուններով ու հուզմունքով գնահատեց ներկայացումը։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին նվիրված գրական երեկո

Մարտի 21-ին Հայկական Մշակութային Կենտրոնում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված հայ մեծանուն գրղներ Ավետիք Իսահակյանին և Վահան Տերյանին։ Օրը պատահական չէր ընտրված, քանզի մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն էր։ Իսկ մեծանուն գրողները ընտրվել էին այն սկզբունքով, որ այս տարի Ավետիք Իսահակյանի 150 ամյակն է, իսկ Վահան Տերյանի՝ 140:
Գրական երեկոն կազմակերպվել է Հայ Մշակութային Ֆոնդի 2 կամավորների կողմից՝ Ֆլորա Համբարձումյանի և Շողեր Մանուկյանի։ Ներկայացվել են Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի գրական գործունեությունը, նրանց կարեւորությունը հայ գրականության մեջ։ Ցուցադրվել են ֆիլմեր 2 գրողների վերաբերյալ։ Հնչեցին Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի բանաստեղծություններից՝ Միկլոշ Շորոշի, Ֆլորա Համբարձումյանի, Արգինե Մարգարյանի, Անժելա Մաթևոսյանի, Լիբոր Լաուրայի կողմից։ Հնչեցին նաև Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի հեղինակած խոսքերով երգեր՝ Արա Ղազարյանի, Անժելա Մաթևոսյանի, Մովսես Այարիանի կատարմամբ և Շողեր Մանուկյանի (թավջութակ), Իռենա Մարտիրոսյանի(դաշնամուր) և Մովսես Այարիանի (կիթառ) նվագակցությամբ։
Երեկոն համախմբեց Հունգարիայում բնակվող հայերին՝ Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի ստեղծագործությունների շուրջ։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
-
Hírek2 տարի ago
Հունգարացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
-
Hírek2 տարի ago
Հուլիսի 26-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
Hírek2 տարի ago
Հայկական Սուրբ Ծնունդ
-
Hírek2 տարի ago
2023թ․-ի «Ուրարտու» թատրոնի առաջին ներկայացումը
-
Hírek2 տարի ago
Սեպտեմբերի 18-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Կատալին Բիհարիի հետ։
-
Hírek2 տարի ago
ՀՀ ԱԳՆ հայտարարություն
-
Hírek2 տարի ago
Հուլիսի 28-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար նախարար Գերգելի Գուլաշի (Gergely Gulyás) հետ։
-
Hírek2 տարի ago
«Վերոնիկան որոշում է մեռնել»