Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102

Warning: Undefined array key "slug" in /data/2/7/279ecf11-8cfd-41ce-a771-b2b4e2e94ece/armenian.hu/web/wp-includes/class-wp-theme-json.php on line 2102
Connect with us

Hírek

Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցը անվանակոչվեց ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի անվամբ:

Published

on

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985) Սարգիս Բաղդասարյանը ոչ միայն արվեստագետ էր, նկարիչ ու քանդակագործ, այլեւ բարձր գիտակցականություն ունեցող հայրենանվեր քաղաքացի, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արեւելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») մասնակից։ Նախքան մասնագիտական՝ գեղարվեստի կրթություն ստանալը, որի հիմքերն արդեն իսկ դրվել էր Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ-դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում, մասնակցել է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը, 19-ամյա Սարգիսը 1942 թ. մեկնում է Բաքու՝ թիվ 1 հրետանային ուսումնարան, հմտանում ռազմական գործի մեջ, ստանում լեյտենանտի կոչում, ուղարկվում Հյուսիսկովկասյան ռազմաճակատ, վիրավորվում մարտերից մեկի ժամանակ, բուժվում ու անմիջապես մեկնում Ուկրաինական 4-րդ ռազմաճակատ, որտեղ էլ կոնտուզիա է ստանում, ինչը չի կասեցնում նրան բուժվելուց հետո միանալ հայ թամանցիներին ու նրանց հետ, որպես հրետանային մարտկոցի հրամանատար, խիզախորեն կռվել Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի ազատագրման համար։

Բաղդասարյանը վերադառնում է պատերազմը հաղթած, պարգեւատրվում «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի եւ Պատվո նշան շքանշաններով, բազմաթիվ մարտական մեդալներով, գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։ Զորացրվում է 1946 թ., ժամանակն էր սիրած մասնագիտությունն ստանալու. ընդունվում եւ 1952-ին ավարտում է Երեւանի գեղարվեստի ինստիտուտը, 1962-ից դասավանդում ինստիտուտում, 1980-ից դառնում պրոֆեսոր։ Այսպիսին է 1923 թ. սեպտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բանաձորում ծնված հայ նշանավոր քանդակագործի համառոտ կենսագրականը՝ թվերով։

Հունիսի 19-ը Սարգիս Բաղդասարյանի հիշատակի օրն է. նա վախճանվել է 77 տարեկան հասակում՝ 2001 թ….

Սարգիս Բաղդասարյանի քանդակները սոսկ պատկերներ չեն, որ գրավում են դիտողին. դրանք շարժման, գործողության, թռիչքի ու վազքի մեջ են՝ բնավորության խորքային բացահայտումով, կենսագրությամբ, իրադարձային… Քանդակագործի ստեղծագործությունները ոչ միայն ճշգրիտ են, այլեւ խորհրդանշական, ինչպես որ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին տեղադրված «Մենք ենքմեր սարերը» տուֆակերտ աշխատանքը՝ բուրգի նման ստատիկ, ազգային դիմագծերով նախնյաց՝ տատ ու պապի միաձույլ, անսասան կերպարներ. թերեւս, միակ մոնումենտալ ստատիկ աշխատանքն է՝ հղացված հենց այդպիսին եւ ոչ շարժման մեջ, ինչը հուշում է զույգի ոչ միայն բնիկ ու երկարակյաց լինելու մասին, այլեւ այն, որ սարի պես թիկունք-թիկունքի տված՝ ժողովրդի հարատեւությունը խորհրդանշող ժայռակերպ մարդկանց անհնար է տեղից շարժել, ինչպես անհնար է տեղահան անել լեռն ու ժայռը, եւ պատահական չէ, որ արձանն իր տեղը գտել է նաեւ Արցախի Հանրապետության զինանշանին, ինչը հիշեցնում է Խորհրդային Հայաստանի զինանշանի զույգ Մասիսներին։ «Մենք ենքմեր սարերը» համալիր կոթողը դարձավ աշխարհահռչակ։ «Պրավդա» թերթը գրեց, որ այն «երկարակյացների պատվին կառուցված աշխարհում առաջին հուշարձանն է», քանզի Արցախը համարվում է նաեւ «մոլորակի երկարակեցության էպիկենտրոն». այստեղ ԽՍՀՄ-ում 100-ամյակը գերազանցող բնակիչներն առավել մեծ թիվ էին կազմում… Ադրբեջանական իշխանությունները, իհարկե, դեմ էին արձանի բացմանը, բայց ԽՍՀՄ-ում հարցերը միակողմանի չէին լուծվում. նրանք ստիպված էին հաշտվել իրողության հետ, ու որպես սրտի հովանք, կոթողի բացմանը ներկա ադրբեջանական ներկայացուցիչներից մեկը փորձեց ծաղրել՝ հարցնելով. «Մի՞թե այս ֆիգուրները ոտքեր չունեն»։ Հարցը Սարգիս Բաղդասարյանի սրտով էր, եւ նա իսկույն տվեց արժանի պատասխան. «Նրանք կանեւ նրանք խոր արմատներ են գցել իրենց հողում»։

Սարգիս Բաղդասարյանի յուրաքանչյուր աշխատանք նրա ձեռագրի կնիքն է կրում՝ միաժամանակ առանձնանալով իր տեսակի, ասելիքի, ձեւի ու կաղապարի մեջ, կաղապար, որ չունի սահմանային գծեր, օդեղեն է, որպես խելագար աշխարհից փախչող խելագար «Լոռեցի Սաքոն» (բրոնզաձույլ, դեկորատիվ քանդակ, թումանյանական գրական հերոս), հրեղեն նժույգի սանձերն արձակած «Դավիթ Բեկ» (կոփածո պղինձ) պատմական կերպարը,  նրբակերտ, որպես «Մեղեդի» դեկորատիվ քանդակը (ալյումին, գրանիտ), կյանքի ճանապարհներին իմաստնացած խոհուն, անբաժան ձեռնափայտը թիկունքին պահած ու առանց նրա օգնության քայլող մեծ պոետի ու մտածողի՝ Իսահակյանի հուշարձանը (բրոնզ) Երեւանում. ասես վարպետը այգում անցուդարձողներից մեկն է, որ ելել է սովորական զբոսանքի… Շարժման մեջ է նաեւ Կապան քաղաքում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանը. մարտիկը լայն քայլերով, անվարան գնում է դեպի հերոսացում… Սարգիս Բաղդասարյանի «Մտածողը» քանդակը (շամոտ) դրված է Իտալիայի Կարարա քաղաքում, որտեղ երբեւէ ցուցադրվել են քանդակագործի աշխատանքներն ու ճանաչում ձեռք բերել, իսկ ավազաքարից պատրաստված՝ Ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը Շոպրոնում է (Հունգարիա)։ Հայ ճանաչված քանդակագործի աշխատանքներից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Զարմանալին այն չէ, որ հայ ժողովուրդն ունի արարչագործության մեծ վարպետներ, զարմանալի՜ն, ո՛չ, ապշեցուցիչ ու զայրացուցիչ է այն, որ ծնվում են նաեւ այնպիսի հայ կոչված բարբարոսներ, որ ձեռք են բարձրացնում ազգային արժեքների վրա, ինչպես որ Թումանյանի այգում տեղադրված «Լոռեցի Սաքոն» կոմպոզիցիոն քանդակը քանիցս փորձեցին գողանալ, իսկ հետո ջարդոտեցին, փշրեցին «Մեղեդի» քանդակի տավղահար աղջկա մատներն ու տավիղը, բարբարոսություն, որ, ցավոք, եզակի ու պատահական երեւույթ չէ, ինչպես Մինաս Ավետիսյանի արվեստանոցի այրելը այն ժամանակ, երբ նկարիչը պատրաստվում էր Փարիզի անհատական ցուցահանդեսին…

 

 

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Continue Reading

Hírek

Ընտանեկան պիկնիկ Բոկայ այգում

Published

on

Հունիսի 1-ին Բոկայ այգում՝ Բուդապեշտի 18-րդ թաղամասում, երեխաների պաշտպանության օրվան նվիրված կազմակերպվեց ընտանեկան պիկնիկ։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի  երեխաների պաշտպանության օրը նշել Բոկայ այգում, որտեղ հավաքվում են հայերը՝  Հունգարիայի տարբեր մասերից։

Երեխաների համար կազմակերպվել էին մի շարք ծրագրեր և խաղեր։ Ելույթ ունեցան ՀԱՒՔ պարային խումբը, Նելսոն Ստեփանյանը, Ուրարտու թատերախմբի դերասանները, Նուռ երաժշտական խումբը։

 

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

Հայկական “Լավ Էլի” ալտերնատիվ ֆոլկ-ռոք խումբը ելույթ ունեցավ Բուդապեշտում

Published

on

Մայիսի 24–ին, ժամը 17:00-ին, Բուդապեշտի Էրժեբետ հրապարակում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված «Լավ Էլի» ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբը։ Ելույթը տեղի ունեցավ «Հայ-կորեական օրերի» շրջանակում՝ Հունգարիայի երկու ազգային փոքրամասնություններին նվիրված փառատոնի եզրափակիչ օրը։ Բազմազգ հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց խմբին, որն, իր հերթին, երգերից յուրաքանչյուրը նվիրեց համերգին ներկա տարբեր ազգերին։

Ելույթից մի քանի օր առաջ Հայկական մշակույթի կենտրոնում «Լավ Էլի»-ն հանդիպում էր ունեցել Բուդապեշտի հայ երիտասարդների հետ։ Երեկոն անցել էր հարց ու պատասխանով, երիտասարդների և խմբի անդամների միջև երգերի բառերի քննարկումներով և ակուստիկ կարճ ելույթով։

«Լավ էլի»-ն հայկական ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբ է՝ Հայաստանի ամենահայտնի ռոք խմբերից մեկը։ Հիմնադրվել է 1996 թ․–ին` Վանաձորում։ Գրեթե 30 տարվա հարուստ պատմությամբ «Լավ Էլի»–ն համատեղում է արևմտյան ռոքը ինքնատիպ, հայկական հնչողության հետ։ Խմբի ալբոմները դարձել են հայկական անդերգրաունդի անբաժանելի մասը։ «Լավ Էլին» թողարկել է այնպիսի դասական դարձած հիթեր, ինչպիսիք են՝ «Քո աչքերը», «Գտա քեզ երկնքում», «Սկիզբը», ինչպես նաև նոր սիրված երգեր, այդ թվում՝ «Անձրևաշուն», «Արևին, Արևին» և «Մեր հանդիպման օրը»: Խմբի բազմաթիվ երգեր տեղ են գտել ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Հիմնադիրներն են Մհեր Մանուկյանը և Գոռ Մխիթարյանը՝ վանաձորյան նախկին «ՍՆԷՔ» (Սիրո Նեոէկզիստենցիալիստական Քրեստոմատիա) խմբի անդամները՝ հրավիրելով վանաձորյան «ԱԼՔ» խմբից Դավիթ Գրիգորյանին (թմբուկ) և Ալեքս Ավետիսյանին (բաս կիթառ/ վոկալ), որին հետագայում փոխարինեց կրկին «ԱԼՔ»-ից Վահե Տերտերյանը։

1997թ․ թողարկվեց «Լավ Էլիի» «Առաջին ԼԱՎ ալբոմը», որն ընդգրում էր 21 երգ՝ 10-ը անգլերեն, 11-ը՝ հայերեն։ 1998-ին թողարկվեց հաջորդ՝ «Էսսեներ» ալբոմը։ Ալբոմները մեծ հաջողություն ունեցան, հեռարձակվեցին հայկական տարբեր ռադիոկայաններով, իսկ մի քանի երգեր տևական ժամանակ տեղ զբաղեցրեցին ռադիոկայանների հիթ շքերթներում։ Խմբի ճանաչվածությունն աճեց համերգների և հեռուստատեսային ելույթների միջոցով։ Այնուամենայնիվ, խումբը դադար առավ 1999-ին, իսկ մասնակիցները զբաղվեցին իրենց անհատական նախագծերով։ Վերամիավորումը տեղի ունեցավ 2004-ին, և «Լավ Էլի»–ն ամերիկյան «Pomegranate Music» ընկերության հետ ձայնագրեց «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» ալբոմը, որը բարձր գնահատանքի արժանացավ միջազգային հարթակներում և դարձավ երկպագուների սիրելին։

2011-ին «Լավ Էլին» կրկին վերադարձավ երաժշտական ասպարեզ նոր կազմով․ Մհեր Մանուկյան, Բագրատ Ազնաուրյան (կիթառ, օժանդակ վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս), Շողեր Մանուկյան (թավջութակ)։ «Լավ Էլի»-ն ստուդիա վերադարձավ 2018-ին և ձայնագրեց «Անձրևաշուն» ալբոմը, որը թողարկվեց թվային ֆորմատով և լայն ճանաչում գտավ հայաստանյան հասարակությունում։ Ալբոմից հետո խումբը հրապարակեց նաև «Արևին, Արևին» սինգլը՝ անիմացիոն հոլովակի տեսքով՝ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ։

2019-ին՝ Երևանի «Այրարատ» կինոթատրոնում «Լավ Էլի» և «Բամբիռ» խմբերը համատեղ համերգ տվեցին, որը տեղական լրատվամիջոցները բնորոշեցին որպես «տարվա ռոք-համերգ»։ 2022–ին «Լավ Էլին» և «Բամբիռը» ևս մեկ անգամ համատեղ ելույթ ունեցան՝ հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ լցնելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

Խումբն ակտիվ համերգներ է տալիս և այժմ աշխատում է իր երկար սպասված հաջորդ ալբոմի վրա։

Ներկա կազմն է՝ Մհեր Մանուկյան (կիթառ/վոկալ), Գոռ Մխիթարյան (կիթառ/վոկալ) Գոռ Թադևոսյան (էլեկտրոկիթառ, բեք-վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս կիթառ), Նարեկ Թովմասյան (թմբուկ) և Շողեր Մանուկյան (թավջութակ)։

«Իրենց առաջին ելույթից քսանհինգ տարի անց «Լավ Էլին» շարունակում է հարուստ հայկական ժողովրդական ռոք երաժշտական ժառանգությունը՝ ի ուրախություն ունկնդիրների երեք սերունդների»։ — Րաֆֆի Մենեշյան, «Pomegranate Music»-ի հիմնադիր, «The Recording Academy»–ից «Գրեմմի» մրցանակաբաշխության  պաշտոնական քվեարկող, «Global Rhythm» ամսագրի թղթակից։

«Արդեն 25 տարի է՝ իրենց վերելքներով ու վայրէջքներով, երկար լռություններով ու խենթ համերգներով, իրենց հին ու լավ կամ նոր ու արդեն իսկ սիրված երգերով, «Լավ Էլին» մնում է տեղական ռոքի ռահվիրաներից մեկը։ Նրանց միակ գաղտնիքն այն է, որ նրանք սիրված են»։ — Լուսինե Ջալալյան, VNEWS Culture

 

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Hírek

«Հայկական սուրճ» գրական-երաժշտական երեկո

Published

on

Ապրիլի 15-ին Բիչկեի փողոցում գտնվող Ինքնավարության գրասենյակում կազմակերպվեց սրճի երեկո՝ Արթին Դիրամերյանի գլխավորությամբ։ Միջոցառման ընթացքում հնչեցին հայ միջնադարյան գրողների ստեղծագործություններ։ Ելույթի խոսք ունեցավ Ալեքս Ավանեսյանը։ Հանդես եկան Ուրարտու թատերական խմբի անդամները (Կովաչ Օլգա, Թոթհ Անդրեաշ, Արթին Դիրամերյան, Վիկտորյա Հայկ)՝  Նահապետ Քուչակի հայրեններով՝ թարգմանված հունգարերեն։ Բնագրով հնչեցին նաև Նահապետ Քուչակի և Սայաթ Նովայի ստեղծագործությունները՝ Ֆլորա Համբարձումյանի կատարմամբ և երգերը Անժելա Մաթևոսյանի (վոկալ), Շողեր Մանուկյանի (թավջութակ) և Մովսես Այարիանի (կիթառ) կատարմամբ։ Առանձին կատարմամբ հանդես եկավ Նելսոն Սահակյանը։ Մջոցառման վերջում առաջին անգամ հնչեց ԼադաՆիվայի հայտնի «Արարատ» երգը՝ հունգարերեն թարգմանությամբ՝ Կովաչ Օլգայի և Վիկտորյա Հայկի կատարմամբ։

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Continue Reading

Trending