Hírek
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից

Ապրիլի 25-ի երեկոյան, Բուդապեշտի Դանուբ գետի ափին գտնվող հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակներ դրվեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո Մարտի 15 հրապարակի մայր տաճարում կայացավ հուշ-երեկո։
Ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հունգարիայում Հույն Ինքնավարության նախագահ Հրիստոդոուլոու Կոնստանտինոսը, Հունգարիայում Հույն Համայնքի խոսնակ Կորանիս Լաոկրատիսը, Հունգարիայում Հայ Ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը, Հունգարիայում Հայ Համայնքի խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Բուդապեշտ մայրաքաղաքի հայ ինքնավարության նախագահ Արմեն Մանուկյանը, Ուրարտու հայկական թատրոնի ղեկավար Արթին Դիրամերյանը և ալյոք։








Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Հայկական “Լավ Էլի” ալտերնատիվ ֆոլկ-ռոք խումբը ելույթ ունեցավ Բուդապեշտում

Մայիսի 24–ին, ժամը 17:00-ին, Բուդապեշտի Էրժեբետ հրապարակում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված «Լավ Էլի» ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբը։ Ելույթը տեղի ունեցավ «Հայ-կորեական օրերի» շրջանակում՝ Հունգարիայի երկու ազգային փոքրամասնություններին նվիրված փառատոնի եզրափակիչ օրը։ Բազմազգ հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց խմբին, որն, իր հերթին, երգերից յուրաքանչյուրը նվիրեց համերգին ներկա տարբեր ազգերին։
Ելույթից մի քանի օր առաջ Հայկական մշակույթի կենտրոնում «Լավ Էլի»-ն հանդիպում էր ունեցել Բուդապեշտի հայ երիտասարդների հետ։ Երեկոն անցել էր հարց ու պատասխանով, երիտասարդների և խմբի անդամների միջև երգերի բառերի քննարկումներով և ակուստիկ կարճ ելույթով։
«Լավ էլի»-ն հայկական ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբ է՝ Հայաստանի ամենահայտնի ռոք խմբերից մեկը։ Հիմնադրվել է 1996 թ․–ին` Վանաձորում։ Գրեթե 30 տարվա հարուստ պատմությամբ «Լավ Էլի»–ն համատեղում է արևմտյան ռոքը ինքնատիպ, հայկական հնչողության հետ։ Խմբի ալբոմները դարձել են հայկական անդերգրաունդի անբաժանելի մասը։ «Լավ Էլին» թողարկել է այնպիսի դասական դարձած հիթեր, ինչպիսիք են՝ «Քո աչքերը», «Գտա քեզ երկնքում», «Սկիզբը», ինչպես նաև նոր սիրված երգեր, այդ թվում՝ «Անձրևաշուն», «Արևին, Արևին» և «Մեր հանդիպման օրը»: Խմբի բազմաթիվ երգեր տեղ են գտել ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Հիմնադիրներն են Մհեր Մանուկյանը և Գոռ Մխիթարյանը՝ վանաձորյան նախկին «ՍՆԷՔ» (Սիրո Նեոէկզիստենցիալիստական Քրեստոմատիա) խմբի անդամները՝ հրավիրելով վանաձորյան «ԱԼՔ» խմբից Դավիթ Գրիգորյանին (թմբուկ) և Ալեքս Ավետիսյանին (բաս կիթառ/ վոկալ), որին հետագայում փոխարինեց կրկին «ԱԼՔ»-ից Վահե Տերտերյանը։
1997թ․ թողարկվեց «Լավ Էլիի» «Առաջին ԼԱՎ ալբոմը», որն ընդգրում էր 21 երգ՝ 10-ը անգլերեն, 11-ը՝ հայերեն։ 1998-ին թողարկվեց հաջորդ՝ «Էսսեներ» ալբոմը։ Ալբոմները մեծ հաջողություն ունեցան, հեռարձակվեցին հայկական տարբեր ռադիոկայաններով, իսկ մի քանի երգեր տևական ժամանակ տեղ զբաղեցրեցին ռադիոկայանների հիթ շքերթներում։ Խմբի ճանաչվածությունն աճեց համերգների և հեռուստատեսային ելույթների միջոցով։ Այնուամենայնիվ, խումբը դադար առավ 1999-ին, իսկ մասնակիցները զբաղվեցին իրենց անհատական նախագծերով։ Վերամիավորումը տեղի ունեցավ 2004-ին, և «Լավ Էլի»–ն ամերիկյան «Pomegranate Music» ընկերության հետ ձայնագրեց «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» ալբոմը, որը բարձր գնահատանքի արժանացավ միջազգային հարթակներում և դարձավ երկպագուների սիրելին։
2011-ին «Լավ Էլին» կրկին վերադարձավ երաժշտական ասպարեզ նոր կազմով․ Մհեր Մանուկյան, Բագրատ Ազնաուրյան (կիթառ, օժանդակ վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս), Շողեր Մանուկյան (թավջութակ)։ «Լավ Էլի»-ն ստուդիա վերադարձավ 2018-ին և ձայնագրեց «Անձրևաշուն» ալբոմը, որը թողարկվեց թվային ֆորմատով և լայն ճանաչում գտավ հայաստանյան հասարակությունում։ Ալբոմից հետո խումբը հրապարակեց նաև «Արևին, Արևին» սինգլը՝ անիմացիոն հոլովակի տեսքով՝ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ։
2019-ին՝ Երևանի «Այրարատ» կինոթատրոնում «Լավ Էլի» և «Բամբիռ» խմբերը համատեղ համերգ տվեցին, որը տեղական լրատվամիջոցները բնորոշեցին որպես «տարվա ռոք-համերգ»։ 2022–ին «Լավ Էլին» և «Բամբիռը» ևս մեկ անգամ համատեղ ելույթ ունեցան՝ հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ լցնելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Խումբն ակտիվ համերգներ է տալիս և այժմ աշխատում է իր երկար սպասված հաջորդ ալբոմի վրա։
Ներկա կազմն է՝ Մհեր Մանուկյան (կիթառ/վոկալ), Գոռ Մխիթարյան (կիթառ/վոկալ) Գոռ Թադևոսյան (էլեկտրոկիթառ, բեք-վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս կիթառ), Նարեկ Թովմասյան (թմբուկ) և Շողեր Մանուկյան (թավջութակ)։
«Իրենց առաջին ելույթից քսանհինգ տարի անց «Լավ Էլին» շարունակում է հարուստ հայկական ժողովրդական ռոք երաժշտական ժառանգությունը՝ ի ուրախություն ունկնդիրների երեք սերունդների»։ — Րաֆֆի Մենեշյան, «Pomegranate Music»-ի հիմնադիր, «The Recording Academy»–ից «Գրեմմի» մրցանակաբաշխության պաշտոնական քվեարկող, «Global Rhythm» ամսագրի թղթակից։
«Արդեն 25 տարի է՝ իրենց վերելքներով ու վայրէջքներով, երկար լռություններով ու խենթ համերգներով, իրենց հին ու լավ կամ նոր ու արդեն իսկ սիրված երգերով, «Լավ Էլին» մնում է տեղական ռոքի ռահվիրաներից մեկը։ Նրանց միակ գաղտնիքն այն է, որ նրանք սիրված են»։ — Լուսինե Ջալալյան, VNEWS Culture
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
«Հայկական սուրճ» գրական-երաժշտական երեկո

Ապրիլի 15-ին Բիչկեի փողոցում գտնվող Ինքնավարության գրասենյակում կազմակերպվեց սրճի երեկո՝ Արթին Դիրամերյանի գլխավորությամբ։ Միջոցառման ընթացքում հնչեցին հայ միջնադարյան գրողների ստեղծագործություններ։ Ելույթի խոսք ունեցավ Ալեքս Ավանեսյանը։ Հանդես եկան Ուրարտու թատերական խմբի անդամները (Կովաչ Օլգա, Թոթհ Անդրեաշ, Արթին Դիրամերյան, Վիկտորյա Հայկ)՝ Նահապետ Քուչակի հայրեններով՝ թարգմանված հունգարերեն։ Բնագրով հնչեցին նաև Նահապետ Քուչակի և Սայաթ Նովայի ստեղծագործությունները՝ Ֆլորա Համբարձումյանի կատարմամբ և երգերը Անժելա Մաթևոսյանի (վոկալ), Շողեր Մանուկյանի (թավջութակ) և Մովսես Այարիանի (կիթառ) կատարմամբ։ Առանձին կատարմամբ հանդես եկավ Նելսոն Սահակյանը։ Մջոցառման վերջում առաջին անգամ հնչեց ԼադաՆիվայի հայտնի «Արարատ» երգը՝ հունգարերեն թարգմանությամբ՝ Կովաչ Օլգայի և Վիկտորյա Հայկի կատարմամբ։
Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Hírek
Հունգարիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները այցելեցին Հայաստան

Մայիսի 11-ից 15-ը Հունգարիայի տասներեք ազգային փոքրամասնություններից ութի (հունական, սերբական, սլովակական, լեհական, խորվաթական, բուլղարական և հայկական) ներկայացուցիչները այցելեցին Երևան: Սա առաջին նմանատիպ՝ բացառապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն էր, որը այցելեց Հայաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։
Պաշտոնական հանդիպումների ընթացքում պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում:
Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:
ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս:
«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը կոչ արեց, որ հայ-հունգարական համատեղ տնտեսական հանձնաժողովի հունգարացի ղեկավարի նշանակումից հետո հնարավորինս շուտ նշանակվի նաև հանձնաժողովի հայ ղեկավարը, որպեսզի հարաբերությունները կարողանան ավելի զարգանալ:
Պատվիրակությունը նաև հանդիպեց Հայաստան-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև Հայաստանի երկու խոշորագույն ազգային փոքրամասնությունների՝ ռուսական և եզդիական համայնքների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումները հնարավորություն տվեցին ծանոթանալ երկու երկրներում փոքրամասնությունների համայնքների իրավական կարգավիճակին, քննարկել փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը և էթնիկ խմբերի միջև համագործակցության հնարավոր ուղիներ գտնելը: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ երկու ազգերի փոքրամասնությունների համայնքների միջև կարող են հաստատվել ակտիվ հարաբերություններ:
Այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով այս ողբերգական պատմական իրադարձության անմեղ զոհերին:
Այս կարճատև այցի կաևոր և նախատեսված կանգառներից մեկը Էջմիածինն էր՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։ Քրիստոնեական հավատը բոլոր ազգային համայնքների պատմական զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, և այս վայրի այցելությունը մեծ նշանակություն ուներ։ Էջմիածնում պատվիրակությանը ընդունեց Նաթան արքեպիսկոպոսը՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը։
Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգության հետ ծանոթանալով՝ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելելու և ուսումնասիրելու երկրի ամենահին և կարևոր վանական համալիրները։
Այս այցը կարևոր քայլ էր երկկողմ համագործակցության ամրապնդման, միջխորհրդարանական հարաբերությունների ձևավորման և մշակույթների միջև երկխոսության խթանման ուղղությամբ։
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
-
Hírek2 տարի ago
Հունգարացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին
-
Hírek2 տարի ago
Հուլիսի 26-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
-
Hírek2 տարի ago
Հայկական Սուրբ Ծնունդ
-
Hírek2 տարի ago
2023թ․-ի «Ուրարտու» թատրոնի առաջին ներկայացումը
-
Hírek2 տարի ago
Սեպտեմբերի 18-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Կատալին Բիհարիի հետ։
-
Hírek2 տարի ago
Հունգարիայի Շոպրոն քաղաքի քաղաքապետարանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց քաղաքային խորհրդի նախագահ, փոխքաղաքապետ Զաբոլչ Ցիզարը
-
Hírek2 տարի ago
ՀՀ ԱԳՆ հայտարարություն
-
Hírek2 տարի ago
«Գեղարդ» երգեցիկ խումբ